ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․թ․ դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակից ավելի երիտասարդ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից։ Նկատելի է, որ ամենամյա այս գիտաժողովի մասնակիցների շարքում էին ոչ միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ և ակադեմիական տարբեր հաստատությունների հայցորդներ, այլև գիտության թեկնածուներ։
Զեկուցումների թեմաներն ընդգրկում էին հայ միջնադարագիտության տարբեր բնագավառներ՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն և այլն։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ներկայացված զեկուցումներից առաջիկայում կընտրվեն մի քանիսը, որոնք հոդվածների տեսքով կտպագրվեն «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսում։
Երիտասարդական 8-րդ գիտաժողովի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում Jraghatspanyan Winery գործարանին՝ գիտաժողովին աջակցելու համար։

Կիսվել