ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈԳՇ. Տ․ ԶԱՔԱՐԻԱ Ծ․ՎՐԴ․ԲԱՂՈՒՄՅԱՆԻ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը, որում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան և խորհրդապաշտ Ս. Եվագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» և «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ ուսումնասիրությամբ։ Վերջինս հայ մատենագրության մեջ պահպանված Ս. Եւագրի աշխատության միակ մեկնությունն է, ինչպես նաև եզակիներից` ընդհանուր քրիստոնեական համաբնույթ գրականության մեջ:
Աշխատության մեջ տպագիր և ձեռագիր սկզբնաղբյուրների, ուսումնասիրությունների և հեղինակի կատարած հետազոտությունների հիման վրա առաջին անգամ տրվում է Կիրակոս Երզնկացու կյանքի, գործունեության և մատենագրական վաստակի ամբողջական պատկերը, անդրադարձ կատարվում Ս․ Եվագրի կյանքին, նրա երկերի հայերեն թարգմանությունների հանգամանքներին, ութ խորհուրդների արևելյան և արևմտյան տեսություններին, հայկական ավանդության մեջ դրանց ընկալմանը, լուծմունքների գրության շարժառիթներին՝ առանձնաբար վերլուծելով Կիրակոս րաբունապետի աստվածաբանական, մարդաբանական, բարոյախրատական և խորհրդապաշտական հայացքները։
Գրքի խմբագիրն է պ․գ․դ․ Գէորգ Տէր-Վարդանեանը։
Նախատեսված է հայագետների, աստվածաբանների, հայրաբանների և ընդհանրապես հոգևոր կյանքով հետաքրքրվողների համար։

Կիսվել