ՀԱՍՏԱՏՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ՝ 2023-Ի ԳԻՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի՝ 2023 թ. գիտական ու գիտատեխնիկական գործունեության հաշվետվությունը:
Տնօրենի կառավարման շրջանում ավելի քան 200 մլն դրամ է ներգրավվել պետական և մասնավոր աղբյուրներից՝ ձեռագրական հավաքածուների համալրման, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը խթանող պայմանների բարելավման համար:
Գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների աճ: Կրկնապատկվել է գիտական զեկուցումների քանակը, ակտիվացել են միջազգային համագործակցությունը և գործուղումները:
Շուրջ 25000-ով ավելացել է այցելուների քանակը՝ հասնելով 116000-ի: Կազմակերպվել է 7 ցուցադրություն, որոնցից 4-ը 2023-ի վերջին եռամսյակում: Իրականացվել է կրթական 5 ծրագիր, շարունակվել աբոնեմենտային ծրագիրը, որոնց շրջանակներում այցելու աշակերտների թիվը անցել է 20000-ը:
Առանձին անդրադարձ է կատարվել Մատենադարանի ձեռագիր հավաքածուների համալրմանը (23 միավոր), մասնավորապես՝ ՀՀ կառավարության ընծայաբերած Առբերդի 15-րդ դարի Ավետարանին, ինչպես նաև՝ Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանի նվիրաբերած ձեռագրական միավորներին, արխիվի և գրադարանի ձեռքբերումներին:
Արա Խզմալյանն անդրադարձել է նաև Մատենադարանի թվայնացման և վերականգնման բաժինները ժամանակակից տեխնիկայով հարստացնելու հրամայականին: Կարևորել է «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի», «Մատենագիրք Հայոց», «Բանբեր Մատենադարանի», Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ լույս տեսած Մատենադարանի Կաթողիկոսական դիվանի վավերագրերի ընդարձակ գիտական նկարագության առաջին հատորի և մյուս մատենաշարերի շարունակականությունը, նոր՝ «Հայ թարգմանական մատենագրություն» մատենաշարի ստեղծումը և օտարալեզու MEMAS (Medieval and Early Modern Armenian Studies) ամսագրի հրատարակումը։
Տնօրենը ներկայացրել է նաև մագիստրոսական երկու ծրագրերի մշակման ընթացքը։

Կիսվել