ՍՊԱՀԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։

Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։

Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի առաջնորդը, Նոր Ջուղայի Ազգային Առաջնորդարանի դիվանապետը, հասարակական գործիչներ, համայնքի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի գրադարանի և հանրային կապերի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը խոսել է Մատենադարանի նոր ցուցադրությունների, համալրումների և վերականգնման ոլորտում նախանշվող համագործակցության վերաբերյալ։

Պատկերագրքերը փոխանցվել են գրադարանին և Նոր Ջուղայի կրթական ու մշակութային հաստատություններին։

Կիսվել