Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը Մատենադարանի մեծանուն նվիրատուներից է: Նա ընծայաբերել է շուրջ 36 միավորից բաղկացած հին գրչագրերի հավաքածու, որն իր մահվանից առաջ (1922թ.) կտակել էր Հայստանին:
Մարկոսյանի հավաքածուն հայ ժողովրդի հարուստ մշակույթի խոսուն վկան է: Այն ներառում է և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛ Տոնացույց ու Մանրուսմունք, Անանիա Շիրակացու ինքնակենսագրության ու թվաբանության խնդիրների գրքեր, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու բանաստեղծություններ, Մխիթար Երզնկացու թվաբանական խնդիրներ, Մխիթար Հերացու աշխատությունների քաղվածքներ:
Ձեռագրերն ընդօրինակված են հայ մշակույթի կենտրոններ՝ Երզնկայում ու Խարբերդում, Զեյթունում ու Եվդոկիայում, Շոռոթում ու Կաֆայում: Հավաքածուի հնագույն ձեռագիրը թվագրված է 1160թ, իսկ նորագույնը՝ 1822թ: 36 ձեռագրերից 14-ը մագաղաթյա են, 11-ն` արծաթակազմ ու արժեքավոր մանրանկարներով:
Մարկոսյանի կտակը հավանաբար մոռացության տրվեր, եթե դիպվածը կանխորոշիչ չլիներ: Մատենադարանի գիտաշխատող Արտաշես Մաթևոսյանն ուսումնասիրելով հայերեն ամենախոշոր ձեռագրի՝ Մշո Ճառընտիրի գրչության հանգամանքները, հանդիպում է Փարիզի Նուպարյան Մատենադարանում պահվող 1201թ. Դարանաղյաց գավառի Ավագ վանքում Ստեփանոս գրչի կողմից ընդօրինակված մի ձեռագիր մատյանի: Տվյալ ձեռագրի և Մշո Ճառընտիրի առնչությունները պարզելու համար Մաթևոսյանին պետք էր 1201թ. ձեռագրի մի քանի էջերի լուսանկարներ: Մաշտոցյան Մատենադարանի տնօրենությունն անհապաղ դիմում է Նուպարյան Մատենադարանի տնօրեն Արմենակ Սալմասլյանին, որը և հայտնում է, որ կփոխանցեն ոչ միայն պահանջված մատյանի լուսանկարները, այլ նաև այն բոլոր 36 ձեռագրերը, որոնք Ռաֆայել Մարկոսյանը կտակել էր Հայաստանին:
Հավաքածուի ձեռագրերը Երևան հասան 1968թ-ին և խնամքով դասավորվեցին Մատենադարանի հատուկ պահարանում՝ «Ռաֆայել Մարկոսյանի հավաքածու» վերտառությամբ: Դրանցից որոշներն այժմ ներկայացված են «Նվիրական անուններ․ մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությանը։