ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ՀՌՈՄԻ ԼԱ ՍԱՊԻԵՆՑԱ, ԲՈԼՈՆԻԱՅԻ, ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐևԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մատենադարանի պատվիրակության՝ Իտալիա այցի առանցքային նպատակներից է խոշոր գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը բնագրագիտության և միջնադարագիտության ոլորտներում։

Ապրիլի 8-9-ը պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Աննա Շիրինյանի, Եվրոպայում խոշորագույն՝ Լա Սապիենցա համալսարանի Դասական բանասիրության ֆակուլտետի ղեկավար Ջիորջիո Պիրասի և հայագիտության պրոֆեսոր Մարկո Բաիսի, Քահանայապետական արևելյան ինստիտուտի ռեկտոր հայր Դավիթ Նազարի հետ։ Քննարկվել են մասնագիտական փոխանակումների, համատեղ հրատարակությունների, երիտասարդական ամառային դպրոցների կազմակերպման, Մատենադարանի ձեռագրական ժառանգության համատեղ ուսումնասիրման և միջազգայնացման ձևաչափերն ու ժամանակացույցը։

Տնօրենությունը փոխանցել է հուլիսի 19-22-ը կայանալիք Միջազգային հայագիտական կոնգրեսի մասնակցության պաշտոնական հրավերները, որի շրջանակում էլ կմեկնարկի պայմանավորվածությունների գործնական իրականացումը։

Պապական արևելյան ինստիտուտի ղեկավարության հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Կիսվել