ԿԻՆ ԳՐԻՉՆԵՐ

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիշատակումներ կան դեռևս աշխարհիկ կյանքի կանոնական թղթերում։ Հայտնի է Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոնագիրքը (5-րդ դ․), որտեղ առանձնահատուկ անդրադարձ էր արվում կնոջ իրավունքներին։ Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ Հայոց մատենագրության մեջ հիշատակվում են նաև կին գրիչների անուններ։

Հայտնի առաջին կին ստեղծագործողը Սահակադուխտն էր 7-րդ դարում: Նա դուստրն էր Դվինի ավագ քահանա Սահակի և քույրը նշանավոր վարդապետ, մետրոպոլիտ Ստեփանոս Սյունեցու, որի հետ և ստեղծագործել են, գրել շարականներ, հորինել «քաղցրեղանակ» մեղեդիներ։ Սահակադուխտը իրեն նվիրել էր կուսության ուխտին և միաժամանակ զբաղվել մանկավարժությամբ՝ իր աշակերտներին ուսուցանելով վարագույրի հետևից։ Այն ժամանակների համար շարականագիր լինելը կնոջ համար մեծ համարձակություն էր։ Սակայն Սահակադուխտը միակը չէր իր դարում։

Նույն ժամանակաշրջանում էր ստեղծագործում նաև Խոսրովիդուխտը՝ Գողթան գավառի իշխան Վահան Գողթնեցու քույրը, որը 737թ. եղբոր նահատակության առիթով գրել է «Զարմանալի է ինձ» շարականը։ Այս երկու կանայք բացառիկ օրինակներ էին: Նրանցից հետո երկար ժամանակ, ասես, լռություն էր։

Առաջին կին գրիչներին հանդիպում ենք արդեն 13-րդ դարում Կիլիկիայում, որտեղ հայտնի անուն էր Ալիծ Տարսոնացին: Նրա մասին առաջին և միակ տեղեկությունը հաղորդել է Ղևոնդ Ալիշանն իր «Սիսուան» աշխատության մեջ։ Ալիծը Լևոն Գ թագավորի դուստրն էր և փայլում էր գեղագրության ու զարդագրության մեջ, գրում էր բանաստեղծություններ, որոնցից մեկում անգամ պայման էր դրել, որ կամուսնանա այն ասպետի հետ, ով բանաստեղծական արվեստում կհաղթի իրեն։ Պատմությունը վկայում է, որ այդպես էլ չի գտնվում որևէ ասպետ, որ կկարողանար հաղթել նրան։

Կիլիկիայում հայտնի կին գրիչներից էր նաև Զաբել Բարձրաբերդցին՝ Կոնստանտին Բարձրաբերդցի քահանայի դուստրը, որը հատուկ սեր ուներ ընթերցանության և գրչագրության նկատմամբ։

17-րդ դարում բացվեցին կուսանաց անապատներ, որտեղ մեծ ուշադրություն էին դարձնում գրչության արվեստին: Նշանավոր էին Նոր Ջուղայում, Շոռոթում և Արցախում գործող կուսանաց անապատների դպրոցները, որտեղ հայտնի էին Մարիամ, Շուշան, Գոհարինե, Հռիփսիմե, Գայանե, Կատարինե, Վարվառա գրչուհիները:

Գրչության արվեստում կանանց դերակատարությունը որքան էլ մեծ չէր, այդուհանդերձ արտահայտիչ ու կարևոր էր, ինչը «Դատաստանագրքում» կարևորել է Մխիթար Գոշը՝ ասելով՝ «Կրթյալ կանայք հասարակության համար գանձ են»։

Կիսվել