ՇԱՐԱԿՆՈՑԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՐԳԻ ՄԵՋ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

Շարակնոցում ամփոփված են հոգևոր երգեր՝ շարականներ, նվիրված տերունական տոներին՝ ինչպես Քրիստոսի Ծննդյանը, Խաչելությանը, Հարությանը, Համբարձմանը, Աստվածածնին ու նրա ծնողներին առնչվող, Հովհաննես Մկրտչի, Քրիստոսի աշակերտների ու հայրապետների, մարգարեների, ազգային և համաքրիստոնեական սրբերի, թագավորների, հոգևոր հայրերի տոներին։ Շարակնոցներում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տոնակարգի կամ ըստ ձայնեղանակների։

Շարականները միջնադարում գրի են առնվել և ուսուցանվել խազերով։ Մեզ են հասել հարյուրավոր խազագրյալ շարակնոցներ։ Եկեղեցական ավանդույթում խազերի՝ հայ միջնադարյան նոտագրության նշանակության կորստից հետո շարականները սերնդեսերունդ ուսուցանվում և փոխանցվում են հիմնականում բանավոր կերպով (սակայն որոշ վկայություններ են պահպանվել նաև ուշ շրջանում, անգամ 20-րդ դարում խազերի որոշ իմացության՝ նրանց հուշումով երգելու ավանդույթի մասին)։

Հայկական նոր «Լիմոնջյան» նոտագրության ստեղծումից հետո շարականները գրի են առնվել նոր համակարգով և տպագրվել 1875 թ․ Վաղարշապատում Գևորգ Դ․ կաթողիկոսի նախաձեռնությամբ, Նիկողայոս Թաշճյանի աշխատասիրությամբ։ Հետագայում մահվանից հետո հրատարակվում է Եղիա Տնտեսյանի գրի առած Շարակնոցը, թե՛ հայկական, թե՛ եվրոպական նոտագրությամբ գրի են առնվում և տպագրվում տարբեր վանական ավանդույթներում պահպանված շարականներ (Վենետիկ, Անթիլիաս, Զմմառ, և այլն)։

Հայ միջնադարյան ավանդույթով առաջին շարականագիրներ են համարվում հայ քրիստոնեական մշակույթի հիմնադիրները՝ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Հոգևոր երգերի՝ ամբողջական ժողովածուի մեջ համակարգումը հայ միջնադարյան ավանդույթում վերագրվել է Շիրակի Դպրեվանքի առաջնորդ Բարսեղ Ճոնին (7-րդ դար), որ կազմել է մի՝ «Ճոնընտիր» կոչված ժողովածու։ Վաղ շրջանի շարականներից են Կոմիտաս Աղցեցու՝ Հռիփսիմեան կույսերին նվիրված «Անձինք նուիրեալք» ծավալուն շարականը (7-րդ դար)՝ հայկական այբուբենի տառերի ծայրակապով։

Շարակնոցի Ութ-ձայն համակարգի (հնչյունաշարերի մեջ տիպական եղանակների, ելևէջների համակարգ, որում շարադրվում են շարականները) կանոնակարգման մեջ առանձնահատուկ դեր է վերագրվում Ստեփանոս Սյունեցուն, որ հեղինակել է Ավագ օրհնությունները (8-րդ դար)։

Շարակնոցի աննախադեպ հարստացման ու ճոխացման գործում մեծ դեր է խաղացել Ներսես Շնորհալին (1102-1173), ում պատկանում է մեզ հասած Շարակնոցի երգերի առնվազն մեկ երրորդը։ Վերջինս Հայ եկեղեցու պաշտոներգության խոշորագույն բարենորոգիչն է թե՛ նման ծավալի շարականների հեղինակությամբ, թե՛ հարյուրն անցնող տաղ-փոխ միավորներով, թե՛ Ժամագրքի և Պատարագի մեջ ընդգրկված այլ երգերով։

Շնորհալին ընդլայնել է շատ կանոններ՝ ստեղծելով նրանց երկրորդ, երրորդ օրվա համար շարականներ, շատերի համար գրել է մինչ այդ գոյություն չունեցող շարականներ, որոշները փոխարինել նորերով, ինչպես նաև հարստացրել է ծիսակարգը մի շարք սրբերի տոներով՝ ձոնելով նրանց հատուկ երգեր։ Մատենադարանում պահվում է շուրջ 500 Շարակնոց։

Կիսվել