ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 4670 ՏՈՆԱԿԱՆ-ՃԱՌԸՆՏԻՐԸ

Հայտնի է, որ ամենամեծ ձեռագիրը Մատենադարանում մագաղաթյա «Մշո Ճառընտիրն» է, իսկ Տոնական-Ճառընտիրը համարվում է ամենամեծ թղթե ձեռագրերից մեկը։

Այն բաղկացած է 815 թերթից:

Ձեռագիրը գրվել է 1401 թ. Ոստան քաղաքում (Վասպուրական)։ Գրիչն է ժամանակի բեղուն գրիչ, ծաղկող Ծերունը, ստացողը՝ Ստեփանոս կրոնավորը, կազմողը՝ Սարգիս քահանան: Ձեռագիրը բովանդակում է Եկեղեցու հայրերի (Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Եփրեմ Ասորի, Գրիգոր Նազիանզացի, Հակոբ Սրճեցի և այլք) և Հայ եկեղեցու վարդապետների (Հովհան Մանդակունի, Պետրոս Սյունեցի, Զաքարիա Ձագեցի, Սարգիս Շնորհալի) ճառեր, քարոզներ, խրատներ, ինչպես նաև՝ վարքեր, վկայաբանություններ, զանազան պատմություններ, տեսիլներ՝ եկեղեցական տոնական տարվան համապատասխան։

Ձեռագիրը նկարազարդ չէ, բացառությամբ առաջին էջին պատկերված լուսանցազարդի և զարդագրերի, և հատկապես՝ գեղեցիկ և կազմաստառի հետ ներդաշնակ կիսախորանի, որով սկսվում է Քրիստոսի Ծննդյան տոնի Ճրագալույցին ընթերցվող Աստվածածնի ծնողներ՝ Աննայի և Հովակիմի պատմությունը։

Ձեռագրի հիշատակարաններում Ծերուն գրիչը հիշում է իր և Ստեփանոս կրոնավորի ծնողներին, ազգականներին, հոգևոր եղբայրներին, ինչպես նաև իր կողակցին՝ Արղունին, որն ուղղակի մասնակցել է ձեռագրի ստեղծմանը՝ կոկելով թուղթը (ձեռագիրն ընդօրինակելուց առաջ գրանյութը հղկում էին). «եւզկողակիցն իմ զԱրղուն, որ աշխատեցաւ ի թուղթ կոկելն»):

Գլխավոր հիշատակարանի վերջում Ծերունը հայտնում է, որ ձեռագիրը գրվել է Լենկթեմուրի աշխարհակալության դառը և վշտալի շրջանում, որը 1401թ. (ձեռագրի գրության թվականը) ավերեց Հալեպը, Դամասկոսը և Բաղդադը՝ անմխիթար սուգ թողնելով արաբ ժողովրդին։

Ձեռագիրը պահվել է Վան քաղաքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, որտեղից էլ 1915թ. բերվել է Արևելյան Հայաստան։

Որոշ թերթերին փակցված սպիտակավուն թուղթը և լրացված բնագիրը վկայում են, որ ձեռագիրը նորոգվել է ԺԷ դարում։ Սակայն մինչև ներկայիս նորոգումը այն բավական վնասված էր, սկզբի և վերջի թերթերը՝ խիստ մաշված, առկա էին այրվածքի և աղտոտվածության հետքեր, կազմի կաշին քերծված էր, դռնակը ծալված, կիսով չափ պոկված, մեջքը, թելերը և կարերը թուլացած։

Ձեռագրի գիտական նկարագրությունը կատարել է Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը։

20 կգ. քաշ ունեցող ձեռագրի նորոգումը երեք տարի երեք ամիս շարունակ իրականացրել է Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը։

Կիսվել