ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ (ԲԵՌՆ)

Շվեյցարիայի ազգային գրադարանի տնօրեն Դամիան Էլզիգը ներկայացրել է կառույցի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և նախատեսվող բարեփոխումների ծրագիրը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի միջազգային ծրագրերն ու գործունեությունը և առաջարկել Շվեյցարիայի ազգային գրադարանին միանալ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում գլոբալ համագործակցության երևանյան հռչակագրին։

Հանդիպման ընթացքում նախանշվել են երկու հաստատությունների համագործակցության հնարավոր ուղղությունները։ Արա Խզմալյանը պաշտոնապես հրավիրել է իր շվեյցարացի գործընկերոջը մասնակցելու 2027 թվականին Երևանում կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին։

Հանդիպման ավարտին Մատենադարանի պատվիրակության համար կազմակերպվել է շրջայց Շվեյցարիայի ազգային գրադարանում։

Բեռնում Մատենադարանի պատվիրակությունն այցելել է նաև Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու նոր պայմաններին։

Շվեյցարիայի ազգային գրադարան այցը նախաձեռնել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Հիշեցնենք, որ Մատենադարանի պատվիրակության այցը Շվեյցարիա իրականացվել է «Զովեր Քնսթրաքշն» ընկերության հովանավորությամբ։

Կիսվել