
Հոկտեմբերի 14-ին Մատենադարանում մեկնարկել է «Հմայությունն ու ձեռագրերը» խորագրով 18-րդ միջազգային գիտաժողովը, որի առանցքում ձեռագիր և տպագիր հմայիլներն են, ժողովրդական հավատալիքները, աղոթքներն ու հմայագործության ավանդույթները՝ տարբեր մշակույթների և պատմական ժամանակաշրջանների համատեքստում։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության (ISFNR) «Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն» հանձնաժողովի նախագահ Էմանուելա Տիմոտինը (Ռումինիա)։
Միջազգային գիտական այս հարթակը համախմբել է 12 երկրից շուրջ 30 գիտնականների և հետազոտողների՝ նպաստելով ձեռագրական ժառանգության ուսումնասիրության ոլորտում գիտական երկխոսության խորացմանը։
Հոկտեմբերի 14–17-ը անցկացվող միջոցառումը կազմակերպվել է Մատենադարանի և ISFNR-ի հանձնաժողովի համագործակցությամբ։ Գիտաժողովի համակարգողն է Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստաբանության թեկնածու Դավիթ Ղազարյանը։
Տե՛ս գիտաժողովի ծրագիրը։



