

Մատենադարանի ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ՝ շարունակվում են նաև հարակից տարածքների բարեկարգման և զարգացման աշխատանքները։ Մատենադարանի հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում նախատեսվում է հիմնել այգի, որը կդառնա թանգարանային միջավայրի օրգանական շարունակությունը՝ համադրելով մշակութային ժառանգության պահպանության, բնապահպանության և կրթության գաղափարները։
Armenia Tree Project հիմնադրամի հետ նախաձեռնած ծրագրին միացել է IDBank
-ը՝ իր հիմնադրման 35-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակում։ Մատենադարանի և IDBank-ի միջև ստորագրվել են համագործակցության հուշագիր և պայմանագիր, որոնցով մեկնարկում են այգու ստեղծման գործնական աշխատանքները։ Բանկի աջակցությունը ծրագրի իրականացման առաջին նշանակալի ֆինանսական ներդրումն է։
Անդրադառնալով նախաձեռնության նշանակությանը՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մասնավորապես նշել է. «Սա Մատենադարանի հանդեպ համընդհանուր պատասխանատվության ևս մեկ դրսևորում է։ Այգու հիմնումը զուտ կանաչապատման նախաձեռնություն չէ, այլ քաղաքակրթական հայտ։ Մատենադարանի գործունեության բոլոր ոլորտները, ներառյալ շրջակա միջավայրի կազմակերպումն ու բարեկարգումը, պետք է համապատասխանեն մեր ձեռագրական գանձարանի նշանակությանն ու բարձր չափանիշներին»։
Ստորագրման արարողությունից առաջ հյուրերը ճանաչողական շրջայց են կատարել Մատենադարանում, որի ընթացքում ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին և հաստատության գործունեության հիմնական ուղղություններին։
Մատենադարանի զարգացմանն ու մշակութային ժառանգության պահպանությանն աջակցելու պատրաստակամության համար IDBank-ի անունն ընդգրկվել է Մատենադարանի «Պատվո կամարում»։ Բանկը՝ ի դեմս խորհրդի նախագահ Մհեր Աբրահամյանի, պարգևատրվել է «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալով։
Նախաձեռնությունը Մատենադարանի զարգացմանն ուղղված մասնավոր և հասարակական հատվածների համագործակցության ևս մեկ օրինակ է՝ նպատակ ունենալով ստեղծել մշակութային և բնական միջավայրը ներդաշնակորեն միավորող հանրային նոր տարածք։

