ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՅՈՒԶԱՆԴԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Օգոստոսի 24–29-ը Վիեննայում կայացած Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսին, որն անցկացվել է «Բյուզանդիան Բյուզանդիայից անդին» խորագրով, մասնակցել են Մատենադարանի յոթ աշխատակից և մեկ ասպիրանտ։

Բյուզանդագիտական ուսումնասիրությունների հայկական ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կոնգրեսի շրջանակում անցկացվել է «Բյուզանդիա և Արցախ» թեմայով առանձին նիստ։ Նիստում զեկուցումներով հանդես են եկել Մատենադարանի V–XIV դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ, Բյուզանդագիտական ուսումնասիրությունների հայկական ազգային կոմիտեի նախագահ Էռնա Մանեա Շիրինյանը՝ «Ձեռագրերը՝ որպես բուժիչ առարկաներ և նույնիսկ «սրբազան մարմիններ» Հայաստանում» և «Որոշ դիտարկումներ Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 316 ձեռագրի մի մանրանկարի շուրջ» թեմաներով, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը՝ «Կանայք՝ որպես հոգևոր հուշարձանների հովանավորներ. կայսրուհի Թեոդորայի և իշխանուհի Արզու Խաթունի օրինակները», ինչպես նաև Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը՝ «Գանձասարի վանքը. բյուզանդական ազդեցությունը և մշակութային փոխառնչությունները» զեկուցումներով։

Մատենադարանի ներկայացուցիչները մասնակցել են նաև կոնգրեսի այլ նիստերի։ V–XIV դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը ներկայացրել է «Մարիամ Մագդաղենացու հայկական վարքը» զեկուցումը։ Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Զարուհի Հակոբյանը հանդես է եկել «Օրենքի փոխանցման (Traditio Legis) պատկերագրությունը VII դարի հայկական արվեստում» և «Ընդհանուր գեղարվեստական միջավայր. Բագրատունյաց կենտրոնների IX դարի երկու նկարազարդ ձեռագրերի համեմատական ուսումնասիրություն» զեկուցումներով։ Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ գիտաշխատող Անուշ Ապրեսյանը ներկայացրել է «Բյուզանդական տեքստերի թարգմանությունը Բյուզանդիայից այն կողմ. Նեմեսիոս Եմեսացու «Մարդու բնության մասին» երկը» զեկուցումը։ Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Լուսինե Բարսեղյանը հանդես է եկել «Առաքյալների հաղորդությունը հայկական նկարազարդ ձեռագրերում (XIII–XIV դարեր)» զեկուցմամբ, նույն բաժնի կրտսեր գիտաշխատող Սիրանուշ Բեգլարյանը՝ «Կանայի հարսանիքի պատկերագրությունը հայկական մանրանկարչության մեջ՝ բյուզանդական և արևմտյան ավանդույթների համատեքստում» զեկուցմամբ, իսկ Մատենադարանի ասպիրանտ Ինգա Դուդուկչյանը՝ «Հայոց վերնախավը Բյուզանդիայի ծառայության մեջ. Ադրիանուպոլսի 1007 թվականի Ավետարանի պատվիրատուի հանդերձանքը» զեկուցմամբ։

Բյուզանդագիտական ուսումնասիրությունների 25-րդ միջազգային կոնգրեսին Մատենադարանի ներկայացուցիչների մասնակցությանն աջակցել են «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը և «Հովնանյան ընտանիք» հիմնադրամը։

Կիսվել