ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանը և Արթուր Պետրոսյանը ժամանել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ իրականացնելու ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման երկրորդ փուլը։

Մասնագետները գնահատում են ձեռագրերի պահպանական վիճակը, բացահայտում հնարավոր ռիսկերը և սահմանում առաջնահերթ միջամտությունները, հնարավորության դեպքում տեղում կատարում դրանք: Միաժամանակ հավաքագրվում են անհրաժեշտ մասնագիտական տվյալներ՝ հետագա աշխատանքների և համագործակցության ծրագրերի մշակման համար։

Հիշեցնենք, որ Մատենադարանի և Վենետիկի Մխիթարյան միաբանության միջև ձևավորված ռազմավարական համագործակցության շրջանակում վերականգնողների առաջին այցը Սուրբ Ղազար կղզի կայացել էր այս տարվա հուլիսին։

Նախաձեռնությունը Մատենադարանի երկարաժամկետ ռազմավարության մաս է, որն ուղղված է աշխարհի տարբեր հայկական հոգևոր և ձեռագրական կենտրոններին աջակցելուն՝ գրավոր ժառանգության պահպանության, վերականգնման, թվայնացման և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտներում։

Առաքելությունն իրականացվում է Մատենադարանի տնօրենի լիազորված ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանի, Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի և «Զովեր Քնսթրաքշն» կազմակերպության հիմնադիր Արա Ավետիսյանի գործուն աջակցությամբ։

Կիսվել