
Մատենադարանում հյուրընկալվել է Ժնևի համալսարանի հետազոտող, ABJAD տվյալների բազայի գլխավոր մշակողներից Թեյմուր Մորելը։
Հանդիպման և վարպետության դասերի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Իսլամագիտության ֆրանսիական ինստիտուտին (IFI) կից գործող ABJAD՝ արաբերեն ձեռագրերի նկարագրության առցանց տվյալների բազան, դրա հնարավորություններն ու կիրառությունը ձեռագրագիտական հետազոտություններում։
Այցի ավարտին Թեյմուր Մորելը հանդիպել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին, ներկայացրել հանդիպման և վարպետության դասերի արդյունքները։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ արաբատառ ձեռագրերի ուսումնասիրության և թվայնացման ոլորտներում։
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Մատենադարանում ԱԼԻՖ (ALIPH) հիմնադրամի աջակցությամբ բացվել է արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիա, որի գործունեությունն ուղղված է ձեռագրական ժառանգության պահպանմանը, վերականգնմանն ու գիտական ուսումնասիրությանը։

