
Մատենադարանի Թվայնացման բաժնի աշխատակից Արա Գասպարյանը 2026 թ. նոյեմբերի 10–14-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է «Museum Big Data» միջոցառումների շաբաթին՝ հանդես գալով աշնանային դպրոցում և միջազգային գիտաժողովում։ Գիտաժողովը կազմակերպվել էր Հունաստանի Հոնիական համալսարանի Թանգարանագիտության հետազոտական լաբորատորիայի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում իրականացվող FOCUS ERA Chair ծրագրի համագործակցությամբ։
Նոյեմբերի 10–11-ը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտում անցկացված «FOCUS Autumn School — AI for GLAMs» աշնանային դպրոցի շրջանակում Արա Գասպարյանը վարել է «Արհեստական բանականության փորձարարական կիրառությունները Մատենադարանում» խորագրով ուսումնական մոդուլը։ Դպրոցը նվիրված էր պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում և թանգարաններում արհեստական բանականության կիրառությանը։
Նոյեմբերի 12–14-ը կայացած «Museum Big Data» 4-րդ միջազգային գիտաժողովում Արա Գասպարյանը ներկայացրել է «Մատենադարանի չորս միլիոն էջանոց ձեռագրական հավաքածուի մետատվյալների ինդեքսը» խորագրով զեկուցումը։

