ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ 800-ԱՄՅԱԿԸ

2022 թ. լրանում է Խորանաշատի վանական համալիրի 800-ամյակը: Խորանաշատն իր պատմական նշանակությամբ եզակի հոգևոր և կրթամշակութային կենտրոն է: Խորանաշատը XIII դարում եղել է միջնադարյան Հայաստանի գիտական կարևորագույն oջախներից մեկը: Մայիսի 11-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Խորանաշատի 800-ամյակի միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս. բանախոսներն էին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի գիտ. քարտուղար Վահե Թորոսյանը, «Խորանաշատ 800-ամյակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը: Մամուլի ասուլիսին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրության բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ, ինչպես նաև վանքի հիմնադիր Վանական վարդապետին նվիրված ուսումնասիրություններ:Մայիսի 28-ին Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, Մատենադարանից բերված 1224 թ. գրված «Խորանաշատի Ավետարան»-ով, կկատարվի Անդաստանի արարողություն, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 29-ին, տեղի կունենա «Խորանաշատ-800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով:

Կիսվել