«ԱՐՑԱԽԻ ԵՒ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Ս. թ. մայիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպեցին «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլերեն ուսումնասիրություն-պատկերագրքի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանը և Վահե Թորոսյանը, խմբագրել է Կարեն Մաթևոսյանը:
Հրատարակությունն իրականացվել է ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ։
Գիրքը նվիրված է պատմական Հայաստանի երկու հարակից նահանգների պատմությանն ու ձեռագրական ժառանգությանը:
Հատորի սկզբում աղբյուրագիտական հարուստ տվյալներով ներկայացվում է Արցախ-Ուտիքի համառոտ պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դար:
Երկրորդ գլխում ներկայացվում է Արցախի և Ուտիքի գրչության կենտրոնների պատմությունը: Միջնադարում գրչատները գործել են գրեթե բոլոր մեծ վանքերին կից: Մեզ են հասել 13-18-րդ դդ. ստեղծված ձեռագիր մատյաններ: Դրանց մի զգալի մասը պահվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում:
Գրքի երրորդ մասը նվիրված է Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարչությանը, որն ամբողջական պատկերացում է տալիս Արցախի-Ուտիքի մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ձեռագրական ավանդույթների մասին:
Պատկերազարդ ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու միջնադարյան Արցախի և Ուտիքի հարուստ բայց շատերին անծանոթ գրավոր ժառանգությունը:
Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Մարինա Մխիթարյանը և Մատենադարանի տնօրեն՝ Վահան Տէր-Ղևոնդյանը: Գրքի թարգմանիչ Սոնա Բալոյանը ներկայացրեց հատորի բովանդակությունը թվային պատկերների ուղեկցությամբ:
Այս ծրագիրը Մաշտոցյան Մատենադարանի և ՀԲԸՄ-ի միջև երկարամյա համագործակցության ևս մի կարևոր իրագործում էր, որն անկասկած իր արձագանքն է գտնելու միջազգային գիտական և ստեղծագործական հանրույթում:

Կիսվել