«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կատարած աշխատանքները:
Մեզ հասած հսկայածավալ պատմամշակութային ժառանգությունը պահպանման և վերականգնման կարիք ունի, ուստի այս խնդրի կարևորությունը և համապատասխան ուշադրության արժանացնելու խնդիրը կասկածից վեր է:
Իրենց առաքելությանը նվիրված վերականգնողների մի քանի սերունդ մեզ հասանելի են դարձրել հնագիտական, պատմական, ազգագրական, կենցաղային և գեղարվեստական հազարավոր նմուշներ՝ հնարավոր դարձնելով դրանց ներկայացումը և ուսումնասիրությունը համապատասխան վայրերում:
Սակայն նոր ժամանակները առաջ են քաշում նոր խնդիրներ, մոտեցումներ, տեխնիկական և մասնագիտական վերանայումներ, որոնք ինչպես այս, այնպես էլ այլ ոլորտներում կատարելագործման և զարգացման կարիք ունեն:
Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:
Ցուցադրությանն աջակցում և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրում Հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ:

Կիսվել