ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ, ՊԱՏՄԱԲԱՆ ԿԼՈԴ-ԱՐՄԵՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հոկտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ անվանի հայագետ, պատմաբան Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը:
Մութաֆյանի նոր գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքում ներկայացված են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները՝ սկսած 5-րդ դարից։ Այստեղ ընթերցողը կգտնի Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայերեն արժեքավոր ձեռագրեր հայատառ խճանկարներ, Կիլիկիայի թագավորների գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը։


Գրքի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, մեծ թվով հյուրեր և մատենադարանցիներ:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ներկայացրեց Մութաֆյանի ներդրումը Կիլիկյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների պատմության ուսումնասիրման, ինչպես նաև հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման գործում:


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, շնորհակալություն հայտնելով և շնորհավորելով Մութաֆյանին 80-ամյակի առիթով, կարևորեց նրա դերը Ֆրանսիայում հայագիտության զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
Հայ մշակույթի պահպանման, հայագիտության զարգացման ու հանրահռչակման գործում մեծ ավանդ ունենալու համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով Կլոդ-Արմեն Մութաֆյանին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալը, որը վաստակաշատ պատմաբանին հանձնեց նախարար Վահրամ Դումանյանը:
Երեկոյի վերջում պատմական գիտությունների դոկտոր Ազատ Բոզոյանը ներկայացրեց «Արևելյան աղբյուրագիտություն» շարքի 3-րդ հատորը, որը ամբողջությամբ նվիրված է Արմեն Մութաֆյանի 80-ամյակին:

Կիսվել