ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Իտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։

Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։

Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին, ինչը կարևոր է հատկապես Մատենադարանում առաջիկայում ներդրվելիք «Գրավոր ժառանգության վերականգնում» մագիստրոսական ծրագրի տեսանկյունից։

Տնօրենությունը պաշտոնապես հրավիրել է երկու կառույցների մասնագետներին աշնանը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին, որի շրջանակում կստորագրվի Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտի հետ լրամշակված հուշագիրը։

Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների և ենթակառուցվածքների կատարելագործումը, ինչպես և միջազգային կապերի ընդլայնումը Մատենադարանի զարգացման ծրագրի առաջնահերթություններից են։

Կիսվել