ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎ

Մատենադարանի և Արարատ Բանկի միջև գրեթե մեկ ամիս առաջ հաստատված պայմանավորվածությունն ամրագրվել է առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու հուշագրի և նվիրաբերության պայմանագրի ստորագրմամբ, որով Արարատ Բանկի հովանավորությամբ արդիականացվելու և վերազինվելու է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև կազմակերպվելու է Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել բանկին աջակցության համար և ընդգծել, որ այս համագործակցությամբ էապես վերափոխվելու է Մատենադարանի լաբորատորիաների տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածության որակական մակարդակը, ինչն ավելի քան 60 տարվա վերականգնման փորձ ունեցող Մատենադարանին թույլ է տալու անկաշկանդ գործել միջազգային համագործակցությունն ընդլայնելու, գործընկեր գիտական հաստատությունների հետ նորովի գործակցելու ուղղությամբ:

Արարատ Բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը պատիվ է համարում Մատենադարանին աջակցելու հնարավորությունը և ձևավորվող գործընկերային հարաբերություններում կարևորում է այն արդյունքը, որը պետք է նպաստի ազգային մշակույթի պահպանմանն ու հանրահռչակմանը: Այդ մասին նա ասել է փոխգործակցության մեկնարկի առիթով հանդիսավոր արարողությանը:

Այս համատեքստում հաջողված համագործակցություն է ձևավորվել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի և մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիաների հետ, որի արդյունքում իրագործելի են դառնում նախանշված հեռանկարային ծրագրերը: Համատեղ ջանքերի արդյունավետության շուրջ է ելույթ ունեցել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը:

Միջոցառումը եզրափակվեց «Ավետիս» լարային քառյակի համերգային ծրագրով:

Կիսվել