![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/440004862_836798771808855_5816281445245484971_n-1024x410.jpg)
Մաշտոցյան Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև գոյություն ունեցող համագործակցության շրջանակում, հատուկ արարողակարգով, ցուցադրվել է «Մատյան Մարդասիրաց» եզակի ձեռագիրը, որն ամփոփում է «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների պատմությունները՝ 365 բառով, ինչպես նաև արտացոլում «Ավրորայի» ամբողջ գործունեությունը: Հատուկ ցուցադրությունն 8-րդ անգամ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին՝ Մատենադարանի քարտեզների սրահում:
«Մատյան Մարդասիրաց»-ը ստեղծվել է Մատենադարանում՝ ձեռագրաստեղծման ավանդույթներին համապատասխան: 2023թ.-ից մագաղաթյա մատյանի նկարազարդումն իրականացրել են Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաները:
Ողջունելով հյուրերին՝ Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը կարևորել է ձեռագրի ցուցադրումը, ձեռագրաստեղծման ավանդույթի, ինչպես նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ Մատենադարանի սերտ համագործակցության շարունակականությունը:
Հատուկ ցուցադրությանը ներկայացվել է քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած Ավրորա Մարդիգանյանի քանդակի մակետային պատկերը, որի հուշակոթող-քանդակն, ի հիշատակ ցեղասպանությունը վերապրած հայուհու, սեպտեմբերին տեղադրվելու է Երևանում:
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/440079400_836798878475511_5299482805854315923_n-1024x683.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/04/440101201_836798838475515_452719511779649832_n-1024x683.jpg)