ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԻՐԵՆՑ ԻՆՔՆԱՏԻՊ ՏԵՂՆ ՈՒՆԵՆ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ

Դրանք սկզբնաղբյուրներ են հայոց գրչաշխարհի, նրա անխոնջ մշակների, ձեռագրերի կերտման օջախների ու աշխատանքի մասին։ Գրավոր այս հուշարձանները ոչ միայն մատյանների ստեղծմանը, գնմանը կամ նորոգմանն առնչվող մանրամասների հիմնական տեղեկատուն են, այլ նաև շատ հաճախ ժամանակի հասարակական, քաղաքական անցուդարձի, կենցաղի, ժողովրդական նիստ ու կացի մասին վկայող եզակի աղբյուրներ։

Հիշատակարանը ձեռագրի ծննդյան վկայականն է, նրա ստեղծմանն առնչվող հանգամանքների գլխավոր տեղեկատուն՝ անկախ ձեռագրական ավանդույթից և գրչության լեզվից։ Այն ձեռագրի ընդօրինակման վայրի ու ժամանակի, գրչի ու պատվիրատուի, ստացողի կամ փրկողի մասին կարևոր տեղեկությունների ստացման աղբյուր է։

Հիշատակարան բառը կազմված է երկու բաղադրիչներից՝ հիշատակ «հուշ, հիշողություն» բառից (հիմքում՝ յիշ կամ յուշ իրանական բառարմատն է) և «վայր, տարածք,տեղ», առանձին դեպքերում նաև՝ «ժողովածու» իմաստներն արտահայտող -արան վերջավորությունից։ Ըստ այսմ՝ հիշատակարան բառը նշանակում է «հիշատակման համար նախատեսված տեղ, հիշատակման վայր»ինչպես նաև՝ «հիշատակների ժողովածու» կամ «ընդունարան յիշատակաց», ինչպես դիպուկ մեկնում է Նոր հայկազյան բառարանը։

Հայերեն ձեռագրերում հիշատակարան գրելու սովորույթի սկզբնավորման վերաբերյալ մեր տեղեկությունները խիստ սահմանափակ են․մեզ հայտնի չէ, թե ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ բովանդակությամբ ու ծավալով է առաջին անգամ հայերեն ձեռագրում հիշատակարան թողել։

Թվակիր հնագույն ձեռագրի 887թ․ ընդօրինակված Լազարյան Ավետարանի հիշատակարանը հաստատում է, որ 9-րդ դարում արդեն հայ գրիչները սովորություն են ունեցել ձեռագրի ընդօրինակումից հետո հիշատկարան թողնել։

Ըստ ստեղծման ժամանկի՝ առանձնացվում են երկու կարգի հիշատակարաններ՝ գրչության ժամանակի և հետագայի։ Առաջինը մատյանի ժամանակակիցն է՝ գրված հիմնականում ընդօրինակողի, ծաղկողի, երբեմն նաև կազմողի կամ պատվիրատու-ստացողի կողմից։ Հետագայի հիշատակարանը մատյանի ստեղծմանը հաջորդած որևէ ժամանակաշրջանում գրված հիշատակարանն է, որն անբաժան է տվյալ մատյանի պատմությունից։ Հայկական ձեռագրարվեստում հետագայի հիշատակարանները հիմնականում հեղինակել են լրացնող գրիչները, հետագա գնորդ-ստացողները, գերությունից ազատողները, նվիրատուները, նորոգողներն ու կազմողները։

Կիսվել