
Մատենադարանում տեղի է ունեցել ԺԷ դարի անվանի գործիչ Ստեփանոս Լեհացու՝ Արիստոտելի «Մետաֆիզիկա» երկի գրաբար թարգմանության քննական բնագրի շնորհանդեսը։
«Մետաֆիզիկան»՝ «Գիրք բնազանցականաց»-ը, իմաստասիրության և իմացաբանության կարևորագույն ու հիմնարար նշանակության կոթողներից է։ Լեհացին այն թարգմանել է հույն արքեպիսկոպոս, հետագայում՝ Հռոմի եկեղեցու կարդինալ և Վերածննդի նախակարապետներից Բեսարիոնի կատարած լատիներեն ճշգրիտ թարգմանությունից։
Քննական բնագիրը կազմել է Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի աշխատակից Ալեքսանդր Քանանյանը։ Հատորի խմբագիրն է բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը։
Շնորհանդեսը տեղի է ունեցել «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» խորագրով 5-րդ միջազգային գիտաժողովի շրջանակում։
Գիրքը լույս է տեսել «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության աջակցությամբ:




