«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԱՅՍՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ս․թ․ մայիսի 13-14-ին Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում կայացավ «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը, որի առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հիմնախնդիրներն ու սպառնացող վտանգներն էին։ Գիտաժողովը կազմակերպվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի՝ Ավստրիայի կոմիտեի կողմից։ Միջազգային և հայ բանախոսներն ընդգծեցին, որ 2020 թ․ պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ից ի վեր Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանի կողմից հայ քրիստոնեական մշակույթի ոչնչացման և աղճատման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, որոնք վկայում են հայ մշակութային հետքի վերացման ադրբեջանական պետական քաղաքականության մասին։ Բանախոսների թվում էին նաև Հայաստանից ժամանած չորս մասնակից՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը, «Մշակութային ժառանգության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Անի Ավագյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի ավագ մասնագետ Սոնա Բալոյանը, որը ներկայացրեց Արցախի ձեռագրական ժառանգության պահպանման և հանրահռչակմանն ուղղված Մատենադարանի վերջին տարիներին իրականացրած ծրագրերը: Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը ներկայացրեց «Մշակութային հակամարտություն» վավերագրական ֆիլմը:Միջազգային բանախոսների թվում էին Ժնևի համալսարանի Արվեստի իրավաբանության կենտրոնի հետազոտող Ֆրանչեսկո Ռոմանին, Միջոցառման կազմակերպիչ Յասմին Դում-Թրագուտը, Ռազմական իրավունքի փորձագետ, Ավստրիայի բանակի գնդապետ Միխայել Փեսենդոֆերը, Գերմանիայի զինված ուժերի համալսարանի Հասարակական գիտությունների բաժնի ազգային և միջազգային հանրության գծով պրոֆեսորի տեղակալ Լանդո Քըրխմայերը: Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ ցուցահանդես, որին ներկայացվեցին Վիեննայի Մխիթարյան Միաբանության գրադարանում պահվող Արցախի տարբեր ժամանակներում ստեղծված ձեռագիր և տպագիր մատյաններ և ուշագրավ այլ նյութեր։

Կիսվել