ԱՐԽԻՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՀՌԻՓՍԻՄԵ ԹԱՅԻՐՅԱՆԻ ՄՇԱԿՎԱԾ ՖՈՆԴՈՎ

logo

Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ Հռիփսիմե Թայիրյանի արխիվային փաստաթղթերի հավաքածուով:

Հռիփսիմե Թայիրյանը 1911 թվականից եղել է Թիֆլիսի կուսանաց Ս. Ստեփանոս անապատի մայրապետը։ Նրան վերաբերող փաստաթղթերն առանձնացվել են Գարեգին Հովսեփյանի արխիվային հավաքածուից, որտեղ գրանցված էին պահպանման միևնույն միավորի տակ (Թղթպ. 94 վավ. 9)։ Այդ փաստաթղթերը ուղիղ առնչություն չունեն Գարեգին Հովսեփյանի գործունեության հետ, և նրա հավաքածուին են կցվել պատահաբար։

Ըստ բովանդակության՝ պահպանման միավորները դասակարգված են հետևյալ բաժիններում.

1. Հռիփսիմե Թայիրյանին հասցեագրված կոնդակներ, նամակներ, գրություններ (1881-1926)։

2. Հռիփսիմե Թայիրյանի անձնական և հարազատների վերաբերյալ նյութեր (1881-1925):

3. Այլ անձանց վերաբերող նյութեր (1876-1913)։

«Հռիփսիմե Թայիրյանի արխիվային ֆոնդում» առկա է 190 միավոր փաստաթուղթ, որոնք վերաբերում են 1876-1926 թվականներին։ Ֆոնդը մշակել է ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գոհար Ավագյանը։

Կիսվել