ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՇԱՐՔԻ 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԲ հատորը, որը ներկայացնում է Հայոց կաթողիկոս, ԺԲ դարի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, շարականագիր, աստվածաբան և մեկնիչ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մատենագրական ժառանգության մաս կազմող արձակ երկերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները և խմբագրած թարգմանությունները։ Այսպիսով, Մատենաշարի նախորդ՝ ԻԱ հատորում (2018 թ․) ներկայացված Շնորհալու չափածո երկերի հետ միասին ամբողջանում է բազմաշնորհ հայրապետի ողջ գրական ժառանգությունը։
2023 թվականին լրանում է Ներսես Շնորհալու մահվան 850-ամյակը (1173-2023): Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցի մեջ։ Տարվա ընթացքում այս տարելիցին նվիրված Հայաստանում և արտերկրում նախատեսվում են ամենատարբեր ձեռնարկներ՝ գրքերի հրատարակություն, գիտաժողովներ, ցուցադրություններ, համերգներ։ Ուշագրավ է, որ հոբելյանական տարի ենք թևակոխում սուրբ Ներսես Շնորհալու ժառանգության ամբողջական հրատարակությամբ։
Հատորում ընդգրկված բնագրերը կազմել են պատմ․ գիտ․ դոկտոր Ազատ Բոզոյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Վիգեն Ղազարյանը, բան․ գիտ․ դոկտոր Գոհար Մուրադյանը, Մատենադարանի աշխատակիցներ Արփինե Ավետիսյանը, Արմինե Մելքոնյանը, Էսթեր Պետրոսյանը, Հասմիկ Իրիցյանը և Գուրգեն Գասպարյանը:
Հրատարակված բոլոր գործերն ունեն բնագրագիտական և վերլուծական առաջաբաններ։
Հատորը կազմել և խմբագրել է մատենաշարի համակարգող Գուրգեն Գասպարյանը: Ցանկերը կազմել է պատմ․ գիտ․ թեկնածու Վահե Թորոսյանը: Մատենաշարը հովանավորում է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, իսկ ներկա հատորի տպագրությունը ֆինանսավորել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տիտղոսաթերթն ու բովանդակությունը այստեղ։
Ամբողջական տարբերակը կտեղադրվի առաջիկայում։

Կիսվել