ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ ՄԵԶ ՀԱՍԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱՆՑԻ «ԾԵՐ» ԱՎԵՏԱՐԱՆԸ

Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։

Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ մակագրությամբ. «… վասն հիշատակի հանգուցյալ Տիրամոր՝ Սիրանույշ Պալճյանի, որը նվիրեց մեր ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին…»: Վազգեն Ա կաթողիկոսը նույն թվականի հուլիսին ձեռագիրը ընծայել է Մատենադարանին, որտեղ այն, ի հիշատակ Հայրապետի մոր, կոչվել է «Վեհամոր Ավետարան»:

Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ։

Ամեն տարի Բանանց գյուղի բնակիչներն ուխտագնացության են գալիս Մատենադարան՝ տեսնելու հրաշագործ և բժշկող Ավետարանը:

Կիսվել