Մայիսի 2֊-ից Մատենադարանում կբացվի «Պատկերի պոեզիան» խորագրով ցուցադրությունը` նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այն իրականացնում է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների հետ համագործակցությամբ:
Անդրե Սևրուգյանը ստեղծագործում էր հիմնականում պարսկական գեղանկարչության ու մանրանկարչության ոճով: Արվեստագետը սերտորեն կապված էր հայ ժողովրդի ու նրա պատմական անցյալի հետ։ Առավել հայտնի են նրա «Արտաշես և Սաթենիկ», «Գրիգոր Լուսավորիչ», «Շամիրամ կողբա Արայի մահը», «Վարդանանք», «Մուսա լեռան քառասուն օրը», «Սարդարապատ», «Զորավար Անդրանիկի մահը» ստեղծագործությունները:
Նկարչի ներշնչման աղբյուր համարվող Սայաթ -Նովային, Օմար Խայամին, Վարդանանց պատերազմին և այլ թեմաներին վերաբերող ցուցանմուշներ բերվել են Հայաստանի պատմության թանգարանից, Երևանի պետական համալսարանից, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտից, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանից, Սարդարապատի հուշահամալիրից, Հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից:
Բացառիկ ցուցադրությանը ներկայացվելու են եզակի ձեռագրեր և Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ, որոնք տեսնելու հնարավորութունն առաջին անգամ է տրվելու հանրությանը։
Ցուցադրությունը կազմակերպվել է «Սևրուկյան հիմնադրամի» աջակցությամբ:
Ցուցադրության գործընկերն է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը: