

3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում ստորագրվել է երկամյա պայմանագիր Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև՝ Համահավաք ձեռագրացուցակի ստեղծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու նպատակով։ Միասնական շտեմարանում կներկայացվեն Մատենադարանի և աշխարհի տարբեր ձեռագրական կենտրոնների, գրադարանների ու թանգարանների հայերեն ձեռագրական հավաքածուների ու միավորների գիտական նկարագրությունները (ձեռագրացուցակները): Սրանով մեծապես կբարձրանա աշխարհասփյուռ հայերեն ձեռագրերի տեսանելիությունը և գիտական շրջանառությունը: Այս նախագիծը բեկումնային է հայ ձեռագրագիտական ավանդույթի պատմության մեջ և ստեղծում է լայն ասպարեզ ձեռագրերի ուսումնասիրման միջազգային գիտական ներուժի ներգրավման համար:
