ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ և ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին Մատենադարան են այցելել Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի նախագահ Անտոնիու Մ. Ֆեյժոյի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր Հիմնարկության Հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը։

Այցի ընթացքում հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, ձեռագրապահոցում, արխիվապահոցում, եղել են Թվայնացման և Վերականգնման բաժիններում, ծանոթացել են հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին և Մատենադարանի հարուստ հավաքածուին։

Շրջայցին հաջորդել է երկու հաստատությունների երկարամյա համագործակցության արդյունքների ներկայացումը, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և Թվայնացման բաժնի պատասխանատու Արա Գասպարյանը: Երկուստեք կարևորվել է համագործակցությանը ռազմավարական բնույթ հաղորդելու վերջին տարիների միտումը։

Ի նշան Մատենադարանի ձեռագրական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ «Պատվո կամարում» տեղադրվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության անունը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության նախագահին է հանձնել «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ։

Այցը ևս մեկ առիթ էր վերահաստատելու Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության միջև ձևավորված ամուր կապերն ու համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հանձնառությունը։

Կիսվել