ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ «ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ» ԵՐԿԻ ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը, աջակցությամբ Թովմասյան հիմնադրամի, լույս է ընծայել 12-րդ դարի հայ բժիշկ, բնագետ Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարութիւն» երկի քննական բնագիրը և արդի հայերեն թարգմանությունը։

Բնագիրը կազմել, թարգմանել, ծանոթագրել ու ներածությունը հեղինակել է Մատենադարանի գիտաշխատող Կարինե Մոսիկյանը։

«Ջերմանց մխիթարութիւն»-ը համարվում է հայերեն մեզ հասած առաջին ինքնատիպ բժշկագիտական ստեղծագործությունը։ Այս արժեքավոր հանրագիտարան-ձեռնարկը ստեղծվել է 1184 թ. և ամփոփում է ջերմերի մասին այն հիմնական տեղեկությունները, որոնց տիրապետում էր իր ժամանակաշրջանի գիտությունը:

Երկի պահպանված չորս ձեռագիր օրինակները ներկայումս գտնվում են չորս տարբեր գրապահոցներում՝ Երևանի Մատենադարանում (ՄՄ416), Փարիզի Ազգային գրադարանում (№ 246), Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (№ 370), Վենետիկի Ս. Ղազար կղզում (№ 1281): Այս նոր հրատարակությունը միավորել է պահպանված բոլոր ձեռագրերը մեկ քննական բնագրում՝ լրացնելով այն հետազոտական ներածականով և երկում կիրառված բազմաթիվ բուսանունների և այլ անծանոթ բառերի մասին ծանոթագրություններով։

Խմբագիրներ՝ բ.գ.դ. Գոհար Մուրադյան, բ.գ.դ. Հայկանուշ Մեսրոպյան

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և «Թովմասյան» հիմնադրամը երախտագիտություն են հայտնում Զարիկ Պօղօսեանին սույն գրքի հրատարակության աջակցելու համար։

Առաջաբանին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել