«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԻ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆ․ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՄԱՏՅԱՆՆԵՐ

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում որոշել է հատկացնել 148,5 միլիոն դրամ՝ երկու բացառիկ հայկական ձեռագրի ձեռքբերման և Մատենադարան տեղափոխման համար։

Առաջինը 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկի վանքում Սարգիս Պիծակի ընդօրինակած և ծաղկած ժողովածուն է՝ ճառերի, սրբերի վարքերի ու պարականոն բնագրերի ընդգրկմամբ։ Մատյանը մեծ վարպետի՝ մեզ հայտնի ամենաուշ թվագրված աշխատանքներից է։ Առանձնահատուկ արժեք ունեն նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակն ու 10–11-րդ դարերով թվագրվող պատառիկ-պահպանակները։

Երկրորդը 1695 թվականին Նոր Ջուղայում Ազարիա գրչի ընդօրինակած և առատորեն ծաղկած Ավետարանն է՝ Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի ուշագրավ նմուշներից մեկը։

Ձեռագրերի ձեռքբերման պայմանների շուրջ Մատենադարանի պատվիրակությունը բանակցել է Վիեննայում՝ հավաքածուի սեփականատիրոջ հետ հանդիպման ընթացքում։ «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում նախատեսվում է նաև համահայկական դրամահավաք՝ հավաքածուի մյուս հայկական ձեռագրերը ձեռք բերելու համար։

Պետական աջակցությունը կարևոր քայլ է ազգային հավաքածուն համալրելու, արտերկրում պահվող հայկական ձեռագրերը հայրենիք վերադարձնելու և դրանց պահպանությունն ու գիտական ուսումնասիրությունն ապահովելու ճանապարհին։

Կիսվել