ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ 850-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի նոյեմբերի 30 — դեկտեմբերի 1-ին Հռոմի Քահանայապետական արևելյան ինստիտուտում (Pontificio Istituto Orientale) տեղի ունեցավ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Սբ. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» խորագրով (կազմակերպիչներ՝ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան, Մարկո Բաիս, Ժելկո Փաշա, Զարուհի Պողոսյան, Աբրահամ Տերյան, աջակցությամբ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի): Ներկաներին ողջունեցին Քահանայապետական արևելյան ինստիտուտի ռեկտոր հայր Դավիդ Նազարը, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Գիտական զեկուցումները նպատակ ունեին ներկայացնելու Ներսես Շնորհալու բազմաշերտ գործունեությունը. Շնորհալին՝ որպես Ամենայն Հայոց հայրապետ, Քրիստոնեական եկեղեցու միության ջատագով, աստվածաբան, մեկնիչ, թարգմանիչ և շարականագիր:
Մաշտոցյան Մատենադարանից գիտաժողովին մասնակցում էին Էռնա-Մանեա Շիրինյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Էդդա Վարդանյանը և Արմինե Մելքոնյանը:
Էռնա Շիրինյանի «Ներսես Շնորհալին՝ որպես մեկնիչ» խորագրով զեկուցումը նվիրված էր Սբ Ներսես Շնորհալու մեկնողական աշխատություններին: Զեկուցողը բազում օրինակներով ցույց տվեց, որ Շնորհալի հայրապետը լայնորեն օգտագործել է տիպաբանական և դասական մեկնության ձևերը՝ զուգորդելով դրանք զուտ հայկական մոտեցումներով:


Վահան Տեր-Ղևոնդյանը՝ «Հայկական նոր հայրենիքի ստեղծումը և Ներսես Շնորհալու դարաշրջանը» խորագրով զեկուցմամբ ներկայացրեց Մեծ Հայքից դեպի Կիլիկիա և շրջակա գավառներ գաղթած հայության շրջանում 11-րդ դարի 2-րդ կեսին և 12-րդ դարի ընթացքում տեղի ունեցած հասարակական փոփոխությունները և Շնորհալու մեծ նպաստը եկեղեցական կառույցի վերակազմակերպման, մնայուն աթոռանիստի հաստատման, նոր միջավայրում այլ եկեղեցիների հետ երկխոսության ծավալման հարցերում. գործունեություն, որ նախադրյալներ ստեղծեց հայոց պետականության վերականգնման համար:
Էդդա Վարդանյանը իր «Ներսես Շնորհալու աստվածաբանությունը և 12-14-րդ դարերի կիլիկյան մանրանկարչությունը» զեկուցման մեջ ներկայացրեց նկարազարդ ձեռագրերում կիրառվող պատկերագրական մի քանի թեմաներ, որոնք առաջին անգամ ի հայտ են եկել 12-րդ դարում, Կիլիկիայում՝ մասնավորապես Հռոմկլայի և Սկևռայի գրչության կենտրոններում։ Ներկայացված մոտիվների պատկերագրական մշակումը սերտորեն կապված է Ներսես Շնորհալու աստվածաբանության հետ։
Արմինե Մելքոնյանը «Ներսես Շնորհալու՝ Դավիթ Անհաղթի Խաչի ներբողի մեկնությունը և դրա լատիներեն թարգմանությունը» զեկուցմամբ ներկայացրեց նշյալ մեկնության ստեղծման նախապատմությունը, մեզ հասած ձեռագրերը, բովանդակությունը և աստվածաբանական վերլուծությունը, ինչպես նաև՝ իտալացի պատմաբան Ջուզեպպե Կապելետիի՝ 1833 թ.-ին Վենետիկում հրատարակած լատիներեն թարգմանության առանձնահատկությունները:

Կիսվել