
Մատենադարանում տեղի է ունեցել «Գրքեր մեղրի մեջ» նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում «ՍԼՈՎՈ/SLOVO» հրատարակչությունը Մատենադարանին է նվիրաբերել «Աշխարհի մեծագույն թանգարաններ» մատենաշարի «Մատենադարան» գրքի մեկ օրինակ՝ զետեղված ակացիայի մեղրի մեջ։
Իր ծավալով և ընդգրկմամբ բացառիկ այս հրատարակությունը, ամփոփելով հայկական ձեռագրական ժառանգության հարուստ գանձերը, սույն նախագծի շնորհիվ ստացել է պահպանման խորհրդանշական նոր ձևաչափ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, «ՍԼՈՎՈ» հրատարակչության հիմնադիր Գրիգորի Երիցյանը, հրատարակչության համահիմնադիր և գլխավոր խմբագիր Նատալյա Ավետիսյանը, Մատենադարանից նախագծի ղեկավար Էդդա Վարդանյանը և լրագրող, հոդվածագիր Մարկ Գրիգորյանը։
Նախագծի գաղափարի համաձայն՝ գիրքը մեղրի մեջ կպահպանվի մինչև 4052 թվականը՝ խորհրդանշելով գրավոր ժառանգության պահպանման, սերունդների միջև մշակութային կապի և գիտելիքի փոխանցման կարևորությունը։




