
Մատենադարանում հյուրընկալվել է վիեննական հեղինակավոր «INLIBRIS» հնագրավաճառական ընկերության ղեկավար Հյուգո Վեշտերեկը, որի հետ ձևավորված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի հայկական ձեռագրական ժառանգության պահպանման և Մատենադարանի ձեռագրական հավաքածուների համալրման գործում։
Այս համագործակցության արդյունքում Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվել է պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող մատյաններով։ Դրանց թվում են 13-րդ դարի՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» ձեռագիրը, 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկի վանքում նշանավոր գրիչ և ծաղկող Սարգիս Պիծակի ընդօրինակած ու ծաղկած ժողովածուն, ինչպես նաև 1695 թվականին Սպահանի Նոր Ջուղայում Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանը։ Երեք ձեռագրերի ձեռքբերումն էլ իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այս նշանակալի ձեռքբերումները կարևոր հանգրվաններ են Մատենադարանի նախաձեռնած «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում, որի հաջողությանը մեծապես նպաստում են միջազգային մասնագիտական շրջանակների հետ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները։
Հյուգո Վեշտերեկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում նաև արտերկրի մասնավոր հավաքածուներում և հնագրավաճառական շուկայում հայկական ձեռագրերի բացահայտման, ուսումնասիրման և ձեռքբերման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են համագործակցության արդյունքները, քննարկվել են համատեղ աշխատանքի շարունակականության և նոր նախաձեռնությունների հեռանկարները։




