ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ՀՐԱՇԱԳՈՐԾ ԱՎԵՏԱՐԱՆ

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։

Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։

Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։

Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբոյւր է բխում՝ գոյացնելով լճակ: Սուրբ գիրքը դուրս է բերվում է միայն յոթ տարի անց՝ աստվածային զորությամբ մնալով գրեթե անվնաս։

Երեք ու կես դար անց՝ 1973թ.-ին, մեծ ոդիսական ունեցող Շուրիշկանի Ավետարանը հայրենադարձ Ներսես և Մատթեոս Ծառուկյանները նվիրաբերում են Մատենադարանին։ Այդպիսով, միջնադարյան մշակույթի գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում է սերնդե սերունդ։ Անգամ Մատենադարանի վերանորոգման տարիներին (2002-2003), երբ թանգարանային մասի դռները փակ էին ուսումնասիրողների ու զբոսաշրջիկների համար, հնարավոր բոլոր դեպքերում բաց էին բացառապես ՝ Շուրիշկանի Ավետարանի ուխտավորների համար։

Ավանդույթի համաձայն՝ Ավետարանը կրկնազատկին հանդիսավորությամբ տարվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

Խնդրակատար Ավետարանին հաղորդակցվելու և զորություն ստանալու հասցեն մեկն է՝ Մաշտոցյան Մատենադարան, որտեղ և հատուկ ցուցափեղկում պահվում է Սուրբ Գիրքը։

Կիսվել