ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունը Մատենադարանին է ընծայել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան։
Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։
Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Ստեփանոս (Իզիտ) կրոնավորի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1405 թ. Նարեկավանքին մերձակա Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում։ Մատյանը վանքից պահպանված մեզ հայտնի միակ ձեռագիրն է: Առբերդի վանքն այժմ հիմնովին ավերված է։
Ծաղկողի անունը հայտնի չէ: Մանրանկարները պատկանում են վասպուրականյան դպրոցին: Պատվիրատուն Թադեոս կրոնավորն է, որն այն ընծայել է Արգելանի Հուսկանորդու վանքին (Վասպուրական)։